«Կանայք իրենց սպանում են հաղթանակ տանելու հույսով, իսկ տղամարդիկ` եթե հաղթանակի հույս չի մնացել»: Այս տողը թուրք գրող Օրհան Փամուքի «Ձյունը» վեպի բնութագրությունը կարող է լինել, ուր Գերմանիայից Կարս եկած կրթված բանաստեղծը` Կան, պետք է պարզաբանի, թե ինչու են կանանց ինքնասպանություններն այդքան շատ քաղաքում: Վեպի գլուխներից մեկում Կան իրեն համեմատում է Տուրգենևի տխուր և ռոմանտիկ հերոսի հետ, ով, հոգնելով իր երկրի անվերջանալի խնդիրներից և նախապատմական վայրենությունից, արհամարհել ու լքել էր այն, բայց Եվրոպայում կարոտելով ու երազելով սիրում էր հենց Ռուսաստանը:
Օրերս «Նոյան տապան» գրախանութում աչքս ընկավ Փամուքի «Ձյունը» հայերեն թարգմանության վրա: Վեպի ռուսերեն թարգմանությունը վաղուց Հայաստան հասել էր, կարդացել էի, հիմա էլ հայերեն է թարգմանվել (թարգմանիչ` Հակոբ Սողոմոնյան): Գնեցի ու կրկին կարդացի: Իհարկե, լավ կլիներ` թարգմանությունն արվեր բնագրից` թուրքերենից, և թուրքագետներ ունեցող երկրի ու թուրք ամենամեծ գրողի հետ կապող օղակը երրորդ լեզուն` ռուսերենը չլիներ: Սա թարգմանական արվեստի արմատական թերություն է, երբ ճանաչված գրողի գործերը թարգմանելու համար ոչ թե մասնագետ է պատրաստվում, այլ հեշտ ճանապարհ է ընտրվում ու երրորդ լեզվից է այն թարգմանվում: Այսուհանդերձ, քանի դեռ Փամուքը թուրքերենից չի թարգմանվում, այս թարգմանությունը խորհուրդ կտայի կարդալ:
Գրքում հետաքրքրությամբ են ընթերցվում եվրոպական Թուրքիայի, աշխարհիկ պետության կողմնակիցների և քաղաքական իսլամիստների միջև հակամարտության մասին էջերը: Այս թեման` արևմուտքարևելք հակասությունը, և այդ հակասության մեջ արևելքցու ինքնության փնտրտուքն ու արևելքցի մնալով` ձգտումը դեպի արևմուտք Փամուքի հիմնական թեման է, որ նրան սիրելի է դարձնում նույն փնտրտուքն ունեցող հայաստանցի ընթերցողին:
Սեդա Շեկոյան
No comments:
Post a Comment