Saturday, May 9, 2009

Հաղթական Մայիս…


Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անսակարկ իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին:
Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ` մարտ-ապրիլ ամիսներին:
Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացմունքը, հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունք էր: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ ջրափակման օղակը և բացվել ԼՂՀ-ը ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը:
Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը: Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պատրվածքի բարդույթը:
Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն և համաշխարհային հասարակության համար բացահայտել է Արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը:

No comments: