Այս պլակատային պատկերն արվեստի դաշտում հայտնվելու հավակնություն չունի: Թեև այն խոսում է ողբերգության մասին, մասնավորապես` 1915 թ. տեղի ունեցած հայոց եղեռնի, բայց խոսում է կիչի` զանգվածային մշակույթի լեզվով, ընդ որում` դրա ամենացածրորակ տեսակով: Այս ցածրորակ կիչն ունի մտածված հանգրվան, որը վերջին ժամանակներում Հայաստանում խիստ տարածված ռուսական odnoklassniki.ru ինտերնետային կայքն է, որն այնքանով է հանրային ոլորտ, որքանով կայքի շրջանակներում համադասարանցիների և պարզապես ծանոթների որոնումը ընդհանուր նպատակ է հանրային որոշակի ոլորտի կայացման համար: Վերոհիշյալ կայքում համազգային ողբին հղող user-ների պատկերները չափից ավելի պաթետիկ են` վառվող մոմերով ուղեկցվող ողբերգական արտահայտություններ ու կոչեր, որբ երեխաների, գանգերի ու կմախքների պատկերներ և այլն: Կայքի այցելուների շրջանակում ծավալվում է որոշակի ներքին մրցակցություն ողբի պատկերների միջև, որոնք հավակնում են մեկը մյուսից պատկերավոր ներկայացնել հայոց եղեռնի «եզակիությունը» և ողբերգականությունը: Այսպես, համահարթեցման սկզբունքով կողք կողքի հայտնվում են բարձր մշակույթին վերագրվող գործերը (Արշիլ Գորկու հայտնի դիմանկարը մոր հետ, Պ. Սևակի «Անլռելի զանգակատան» խանջյանական պատկերազարդումները) և կայքի շարքային այցելուների` իրենց անվան և ազգանվան վերևում տեղադրված պլակատային պատկերները:
Ս.Շեկոյան
No comments:
Post a Comment