Հայաստանի երրորդ` ամենակրտսեր սերնդի սկսնակ ուշագրավ նկարիչներից է Օվսաննա Շեկոյանը («Մեկ քայլ առաջ» միջբուհական ուսանողական ցուցահանդես` Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահ, 2009, առաջին մրցանակ), ով իր առօրյա պատկերների համար («Լվացարան», «Կոշիկներ», «Նատյուրմորտ») բավարարվում է սև ու սպիտակ երանգների օգտագործումով, որոնք նրա կտավներում ներկայացնում են մարդու ապրած օրը, կրկնվող առօրյան ու դրա ինտերիերը: Այդ կոմպոզիցիաները նկարիչը ստվարաթղթով մշակման է ենթարկում` մասամբ հասնելով կտավի սպիտակ հյուսվածքին:
Գունային ու ֆակտուրային տարբեր գոտիներով մշակված մեկ այլ աշխատանքի` «1940թ., դպրոց» վերնագրով գեղանկարի ստեղծման հիմքում ընկած է խորհրդային տարիներին արված մի հին լուսանկար` ընտանեկան արխիվից: Կտավի մակերեսի մի մասն արված է ճմռթված թերթերի միջոցով, որոնք ծածկված են յուղաներկի շերտով, օգտագործված են նաև հավելյալ կարմիր կտորներ` որպես աշակերտների վզկապներ: Լուսանկարի տրամաբանությամբ գեղանկար ստեղծելով` նկարիչը նաև այն համոզումն է արտահայտում, թե գեղանկարչությունն իրեն չի սպառել, թե վերջինս այնքան էլ չի պարտվել ֆոտոյին, որ իրականության պատկերման ողջ բեռը թողնի լուսանկարի հնարավորությունների վրա:
No comments:
Post a Comment