Saturday, August 29, 2009

Կարմիր բլուր.մշակութային հուշարձան, թե՞ աղբի կուտակման ու կենցաղային կարիքները հոգալու վայր

Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող Կարմիր բլուր ամրոցը Հայաստանի այն հազվագյուտ հուշարձաններից է, որի պեղումները կարող են մեզ տեղեկություններ տալ մ.թ.ա. 15-րդ դարից մինչև 7-րդ դարի Հայաստանի պատմության մասին: Սակայն դեռևս լիովին չպեղված հուշարձանի տարածքում արդեն 25 տարի է կուտակված է մեծաքանակ շինարարական աղբ: Մինչ այսօր էլ պետության կողմից ֆինանսական միջոցներ չեն տրամադրվում տարածքը մաքրելու համար: Ավելին, աղբի կուտակման գործընթացն այսօր էլ ակտիվորեն շարունակվում է, քանի որ այս պահին որևէ իրական վերահսկողություն այնտեղ չկա:

“Գեոդեզիական տարածքը պահպանվում է պետության կողմից”,- ամրոցի մուտքի մի գունաթափված սյան վրա գրված այս խոսքերից բացի որևէ ապացույց չկա, որ ընդհանրապես այնտեղ ինչ-որ պահպանություն է իրականացվում: Անծանոթ մարդը որևէ կերպ չի էլ կարող գլխի ընկնել, թե ինչ մշակութային անգնահատելի արժեք է ներկայացնում այդ տարածքը: Շատերը Կարմիր բլուրը համարում են գիշերային հանդիպումների և հարաբերություններ պարզելու հրաշալի վայր, իսկ որոշ մարդիկ բլուրի Հրազդան գետին հարող հատվածը օգտագործում են գյուղատնտեսական նպատակներով:

Տարածքում վերահսկողություն հաստատելու համար առնվազն այն պետք է պարսպապատել, սակայն այդ խնդիրն էլ դեռ բաց է մնում, քանի որ տարածքով պետք է անցնի Արգավանդի խճուղուց դեպի ձիարշավարան տանող ճանապարհը: Ճանապարհի կառուցումը թույլ կտա բեռնափոխադրումներ անել օդանավակայանից ու մարզերից`շրջանցելով քաղաքի կենտրոնը: Սակայն պարզ չէ բլուրով անցնող հատվածը լինելու ճանապարհ, թե՞ էստակադա, և հետևաբար էլ ինչ կորուստներ է կրելու հուշարձանը այն կառուցելու պարագայում: Ճանապարհը անցնելու է բլուրի այն հատվածով, որ դեռևս պեղված չէ:

Այսքանով բլուրի հետ կապված խնդիրների շարքը չի ավարտվում: Արդեն 3 տարի է փակված է բլուրի հարևանությամբ գտնվող փոքրիկ թանգարանը: Դեռ 1930-ական թ-ին կառուցված և իրականում արտաքինից թանգարան չհիշեցնող հողաշեն այս կառույցի տանիքը փլուզվել է, և այնտեղ պահվող բոլոր նյութերը տեղափոխվել են Էրեբունի թանգարան:

Այսպիսով մեր պատմության շատ մանրամասներ իր մեջ ամփոփող այս հուշարձանը, որն ի դեպ նաև շատ տուրիստների ուշադրությունը կարող էր իր վրա բևեռել, անտարբերության է մատնված մեր բոլորի կողմից:

Սիրում ենք ամեն տեղ հայտարարել, որ մենք շատ հարուստ մշակույթի կրողներ ենք: Իսկ ի՞նչ պիտի պատասխանենք, եթե օտարերկրացին հարցնի, թե ինչ ենք անում պահպանելու մեր մշակութային արժեքները:

Աստղիկ Խաչատրյան


No comments: