2009թ. օգոստոսի 15-ին "Ծիրանի" մշակութային, երիտասարդական ՀԿ-ն իր հերթական միջոցառման շրջանակում հյուրընկալել էր Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին: Ինչպես գիտենք, անցյալ դարի 80-ականներին պրն Սարգսյանը մեծ ջանքերով հասել է Ջուղայի գերեզմանատուն և լուսանկարել հարյուրավոր խաչքարեր (մոտ 10.000 խաչքարեր արդեն չկան): Այսօր այդ լուսանկարներն անգնահատելի արժեք ունեն, քանի որ ինչ-որ իմաստով "փրկել" են արդեն կորստի գիրկն անցած ու պատմություն դարձած հուշարձանները: Խաչքարերի, բացառությամբ մի քանիզի, վկայողները դարձել են լուսանկարները:
Միջոցառումն իր տեսակի մեջ մշակութային աղետի հիշեցում էր: Հարգելի հյուրը ներկաների հետ կիսվեց Ջուղայի հուշարձանների հետ առնչվելու իր փորձառությամբ և իր հետ տեղի ունեցած դիպվածներով ու պատմություններով: Զավեն Սարգսյանը հանդիպման ընթացքում շեշտում էր հասարակության մեջ այս խնդրի շուրջ իշխող լռությունն ու անտարբերությունը, և նաև այն, որ մենք մեզ մոտ էլ բազում նման մշակութային խնդիրներ ունենք (եկեղեցիների անպատեհ շահագործում, անմխիթար վիճակ և այլն), որոնք, իրականում, Ջուղայի հետ կատարվածի պես ողբերգությունների նկատմամբ անտարբերության հայելային արտացոլումն են:
Զավեն Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդեց Ջուղայի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, որից հետո երիտասարդների միջև ծավալվեց խնդրին վերաբերող կարծիքների փոխանակություն:
No comments:
Post a Comment